Tigranakert

Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005թ. հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և 2006-2008թթ. հնագիտական պեղումներ է կատարել նրա տարածքում: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:

Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի Միջնաբերդի պարիսպների մի հատվածը, Ամրացված թաղամասի պարիսպների ժայռափոր հիմքերը, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը: Հետախուզական պեղումներ են կատարվել նաեւ Ամրացված թաղամասի ու Կենտրոնական թաղամասի մի քանի հատվածներում, Վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Հետազոտվել են նաեւ քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը:

Տիգրանակերտի հետազոտությունները նախաձեռնել և ֆինանսավորել է Հայրենադարձության և հիմնավորման ՙԵրկիր՚ հասարակական կազմակերպությունների միությունը:

2007 թ. պեղումները մասամբ, իսկ 2008թ. պեղումներն ամբողջությամբ ֆինանսավորել է ԼՂՀ կառավարությունը:

Արշավախմբի աշխատանքները ղեկավարում է պատմական գիտությունների դոկտոր Համլետ Լ. Պետրոսյանը:

Արշավախմբի մշտական կազմի մեջ են Արցախի պետական համալսարանի դասախոս Վարդգես Սաֆարյանը (2005-2008թթ.), Երեւանի պետական համալսարանի Հնագիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ճարտարապետության թեկնածու Լյուբա Կիրակոսյանը (2006-2008թթ.), Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Աղավնի ժամկոչյանը (2007-2008թթ.), ԵՊՀ հնագիտության եւ ազգագրության ամբիոնի հայցորդ Տատյանա Վարդանեսովան (2007-2008թթ.), Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտության բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու Ռուբեն Վարդանյանը (2008թ.), ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Հասմիկ Մարգարյանը (2008թ.), Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի մագիստրանտ Դավիթ Նահատակյանը (2008թ.):

Տիգրանակերտի հետազոտություններին կարճատեւ մասնակցություն են ունեցել նաեւ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Հին հնագիտության բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու Ժորես Խաչատրյանը, նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, նույն ինստիտուտի գիտաշխատող Նորա Ենգիբարյանը, Երեւանի պետական համալսարանի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Հայկ Հակոբյանը, Քարայրային-պաշտամունքային համալիրի հունարեն արձանագրություններն ուսումնասիրելու նպատակով արշավախմբի աշխատանքներին մասնակցել է Լեչեի համալսարանի (Իտալիա) Հռոմի պատմության պրոֆեսոր, հայագետ Ջուստո Տրաինան: