Tigranakert

Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում

Դինաստիական անուններով քաղաքների կոչումը ընդհանուր երեւույթ էր Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների արդյունքում առաջացած հելլենիստական աշխարհում: Օրինակ, հելլենիստական միապետների անուններով կոչվել են բազմաթիվ Ալեքսանդրիաներ, Սելեւկիաներ, Անտիոքներ: Հայաստանում էլ մինչեւ Տիգրան Մեծը արքաների անուններով ստեղծվել են Երվանդաշատ, Երվանդակերտ, Արտաշատ քաղաքները, մի քանի Զարեհավաններ ու Զարիշատներ: Նորակառույց այս քաղաքներն ունեին նաեւ բնակեցման յուրօրինակ սկզբունք, որը հայտնի է սինոյկիսմոս (համաբնակեցում) անունով. արքաները տարբեր քաղաքներից եւ երկրներից բռնի տեղահանում էին առեւտրա-արհեստավորական խավեր եւ բնակեցնում նոր հիմնած քաղաքում` դրանով իսկ ապահովելով նրա բնականոն գործունեությունը: Այդ իսկ պատճառով այդ քաղաքները որպես կանոն նաեւ բազմազգ էին:
Այս ավանդույթը շատ ավելի մեծ թափ ստացավ Տիգրան Մեծի օրոք (մ.թ.ա. 95-55 թթ.), քանի որ նրա հսկայածավալ նվաճումները հարստության, աշխատուժի եւ սինոյկիսմոսի ավելի մեծ հնարավորություններ էին ստեղծում: Բացի Աղձնիքում հիմնած Տիգրանակերտ հանրահայտ մայրաքաղաքից, որի մասին հիացմունքով են խոսում հունա-հռոմեական մի շարք պատմիչներ (Ստրաբոն, Ապպիանոս, Պլուտարքոս), պատմական Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս Տիգրանի անունով մի շարք այլ բնակավայրեր էլ են հայտնի: Օրինակ, Գողթնում հիմնվել է Տիգրանակերտ ավանը, Մարաստանում` Տիգրանա բնակավայրը, Ամանոսում` Տիգրանուկոմեն: Հարկ է նկատել նաեւ, որ այդ բնակավայրերից եւ ոչ մեկի, ներառյալ եւ մայրաքաղաք Տիգրանակերտի ճշգրիտ տեղադրությունը հայտնի չէ:
Այս բնակավայրերի շարքը կարելի է դասել եւ Տիգրանակերտ անունով երկու բնակավայրերը, որոնց մասին` Բյուզանդիայի կայսր Հերակլի 622-624 թթ. պարսկական արշավանքները նկարագրելիս, հիշատակում է 7-րդ դարի հայ պատմիչ Սեբեոսը: Նա պատմում է, որ այդ պատերազմի դրվագներից մեկում բյուզանդական կայսրն իրեն հետապնդող պարսիկներից խույս տալու նպատակով փորձում է Սյունիքից անցնել Վրաստան, սակայն պարսկական մի զորաբանակ Գարդմանի կողմից դեպի հարթավայր իջնելով` կտրում է նրա ճանապարհը մյուս Տիգրանակերտի մոտ: Կայսրը փորձում է ետ դառնալ եկած ճանապարհով, բայց այս անգամ էլ նրան հանդիման դուրս է գալիս մի ուրիշ զորախումբ` արդեն Տիգրանակերտ ավանի մոտ: Այսպիսով, Սեբեոսը հիշատակում է երկու Տիգրանակերտեր, որոնցից մյուս Տիգրանակերտը գտնվում էր հյուսիսում, իսկ Տիգրանակերտ ավանը` հարավում: Ավելի քան հավանական է, որ հեղինակը Տիգրանակերտերից մեկը մյուս է կոչում` այն Տիգրանակերտ ավանից տարբերելու համար: Ինչ վերաբերում է ավան տերմինին, Սեբեոսի մոտ այն որպես կանոն օգտագործվում է նշանակելու ամրացված բնակավայրը` որը մի դեպքում կարող է լինել շուրջանակի պարսպապատված, իսկ մի այլ դեպքում` ամրոցին կից կամ նրա շուրջ փռված: Այս տեղեկությունները բացարձակապես արժանահավատ են, քանի որ հեղինակն այս բնակավայրերը հիշատակում է Տիգրան Մեծի եւ նրա ժամանակի հետ որեւէ կապ չունեցող դեպքերի նկարագրության ժամանակ, որպես Հերակլի զորաշարժի կետեր: Սեբեոսի վկայությունից արվող ամենաանմիջական եզրակացությունն այն է, որ 7-րդ դարի սկզբներին Արցախում եւ Ուտիքում կային Տիգրանակերտ անունով երկու բնակավայրեր: Եթե նկատի ունենանք, որ կայսեր բանակը շտապ Վիրք հասնելու համար պիտի գնար բանուկ ճանապարհով, ապա ավելի քան հավանական է, որ Տիգրանակերտերը գտնվել են Արցախյան լեռների ու Ուտիքի հարթավայրի ձուլման եզրով դեպի հյուսիս գնացող ճանապարհից ոչ այնքան հեռու կամ նույնիսկ նրա անմիջական մերձակայքում:
Ըստ Մովսես Կաղանկատվացու Հերակլի բանակը դեպի Տփղիս իր ճանապարհին սկզբում դադար էր առել Տրտու (այժմ` Թարթառ) գետից հարավ ձգվող հեղեղատի ափին` Կաղանկատույք գյուղի մոտ, ապա հենց Տրտուի հեղեղատին կից` Դյուտական գյուղի մոտ: Կաղանկատվացու այս եւ մի քանի այլ տեղեկությունների քննությամբ կարելի է պարզել, որ Սեբեոսի հիշատակած Տիգրանակերտերից հարավայինը` Տիգրանակերտ ավանը, գտնվում էր Թարթառից հարավ, Պարտավից ոչ այնքան հեռու, այնտեղ, ուր Արցախյան լեռներն ավարտվում են եւ սկսվում է Ուտիքի տափաստանային հատվածը: Թեեւ Մովսես Կաղանկատվացին իր պատմության այս մասում որեւէ Տիգրանակերտ չի հիշատակում, սակայն 8-րդ դարի սկզբներին Հայոց Եղիա կաթողիկոսի Պարտավում հրավիրած ժողովի մասին թղթում, որը ներառված է եւ Կաղանկատվացու անուով հայտնի Պատմության մեջ, տեղեկություն կա այն մասին, որ այդ ժողովին ի շարս այլոց մասնակցում էին նաեւ Կաղանկատույքի վանական Դավիթը եւ Տկռակերտի վանական (տվյալ դեպքում ուղղակի` քահանա) Պետրոսը: Նախ, կարելի է ենթադրել, որ Տկռակերտը Տիգրանակերտի տեղական արտասանությունն է, երկրորդ, հավանական է, որ այն այնքան էլ հեռու չէր Կաղանկատույքից (քանի որ հիշատակվում է նրանից անմիջապես հետո)` այսինքն խոսքը նորից գնում է Տիգրանակերտ ավանի կամ Արցախի Տիգրանակերտի մասին: Այս ժամանակ Տիգրանակերտի կարեւոր բնակավայր լինելու հանգամանքը հավաստվում է նաեւ այն փաստով, որ հենց բնակավայրից մի քանի հարյուր մետր հեռու, լեռան գագաթին 7-րդ դարի վերջերին կառուցվել է խաչաձեւ կենտրոնագմբեթ տաճար: Տիգրանակերտի Կենտրոնական թաղամասի պեղումները երեւան են բերել 5-6-րդ դարերում կառուցված բազիլիկ եկեղեցու մնացորդները: Կարծում ենք, որ Պետրոսը հենց այս եկեղեցու քահանան էր:
Խաչենի իշխանության զորեղացման շրջանում` 12-13-րդ դարերում, երբ Հասան Ջալալի տիրապետության սահմանները հասնում էին մինչեւ Կուր գետ, Խաչենագետի ներքնահովտի նախալեռնային եւ հարթավայրային հատվածը` Տիգրանակերտ ավանի անունով կոչվում էր Տիգրանակերտ: Խաչենագետի վերին հոսանքի վտակներից մեկի մոտ գտնվող Կոշիկ անապատի 13-րդ դարի մի արձանագրության մեջ հիշատակվում է Տիգրանակերտի երկիրը, որտեղից եկած մի ոմն Հակոբ նվիրատվություն էր արել վանքին: Որ այս ժամանակ Տիգրանակերտը խոշոր բնակավայր էր, վկայում են կենտրոնական թաղամասի 2006-2007 թվականների հետախուզական պեղումները, որոնք երեւան են բերել 12-13-րդ դարերին պատկանող հարուստ քաղաքային մշակույթ:

Արցախի Տիգրանակերտն ըստ նոր ժամանակների ուղեգրությունների եւ հետազոտությունների:Արցախի Տիգրանակերտի մասին ընդհուպ մինչեւ 18-րդ դարի կեսերը, ցավոք, այլ տեղեկություններ չկան: 18-րդ դարի կեսերին այստեղ բխող Շահբուլաղ կոչվող աղբյուրների կողքին ամրոց է կառուցում Արցախի մելիքությունների կատաղի թշնամի Փանահը: Ընդ որում ամրոցի առաջին շարքերը շարվում են 5-6-րդ դարերի բազիլիկ եկեղեցուց բարբարոսաբար պոկված սրբատաշ քարերով, որի շքեղ ավերակները դեռ կանգուն էին: Սակայն այս ամրոցը շուտով ավերվում է Արցախի մելիքների կողմից: 19-րդ դարի կեսերին ավերակներն այցելած Սարգիս Ջալալյանցը, հաղորդելով, որ Շահբուլաղ աղբյուրների շրջակայքը հայերը կոչում են Թնգրնակերտ եւ պարսիկները` Թառնագիւրտ, ենթադրել է, որ հենց այստեղ է տեղադրված եղել Տիգրանակերտը: Համարյա նույն տեղեկություններն ու նույն տեսակետն է հայտնել եւ Արցախի հնությունների հետազոտող Մակար Բարխուդարյանցը, որը նաեւ հավելում է, որ Խաչենագետի ներքնահովիտը կոչվել է Տիգրանակերտ գավառ: Նորագույն ժամանակների մի շարք հետազոտողներ միայն հարեւանցիորեն կրկնել, իսկ կոնկրետ տեղադրության առումով` հայտնի չափով աղավաղել են Սարգիս Ջալալյանցի եւ Մակար Բարխուդարյանցի դիտողությունները:
1952 թ. Ս. Երեմյանը "Հայ ժողովրդի պատմություն" գրքի ատլասում Արցախի Տիգրանակերտը տեղադրել է Աղդամի մոտակայքում:
1950-ական թվականների վերջին Շահբուլաղից մոտ վեց կիլոմետր հեռու գտնվող Գյավուրկալա կոչվող հնավայրում (Սոֆուլու գյուղի մոտ) գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ գտնվել էր մի սարկոֆագի (քարե դագաղի) կափարիչ` վրան ընդարձակ հայերեն արձանագրությամբ: Ադրբեջանի ակադեմիան այստեղ շտապ պեղումներ է ձեռնարկել, իսկ արձանագրության տեքստը հրատարակել է Սեդրակ Բարխուդարյանը, որն այդ ժամանակ զբաղված էր Արցախի արձանագրությունների ակադեմիական հատորը կազմելով: Պեղումների հետեւանքով բացվել է մի ընդարձակ ամրացված բնակավայր, վաղքրիստոնեական եկեղեցի, մեծ դամբարանադաշտ եւ այլն: Սեդրակ Բարխուդարյանը, նկատի ունենալով նման մեծ բնակավայրի առկայությունը Շահբուլաղից ոչ հեռու, հավանական է համարել, որ Տիգրանակերտը պիտի փնտրել ոչ թե աղբյուրների անմիջական մերձակայքում, այլ Գյավուրկալայի տարածքում: Ի լուր ադրբեջանցի ընդդիմախոսների, որոնք գտնում են, թե ժամանակին ադրբեջանցի հնագետները մանրամասնորեն հետազոտել են այս տարածքները եւ պատասխանատու կերպով հայտարարում են, թե որեւէ Տիգրանակերտ էլ այստեղ գոյություն չի ունեցել, ասենք, որ Տիգրանակերտը Շահբուլաղի մոտ է տեղադրել նաեւ Գյավուրկալայի հետազոտող, ադրբեջանցի հայտնի հնագետ Ռ. Վահիդովը: Գյավուրկալայի պեղումներին նվիրված իր ադրբեջաներեն հոդվածում, որ լույս է տեսել 1965 թ., նա վիճարկում է Սեդրակ Բարխուդարյանի կարծիքը եւ բառացիորեն գրում հետեւյալը. "Երեմյանի ցուցումը, թե Տիգրանակերտը գտնվել է Աղդամի մոտ, կասկած չի հարուցում":
Բագրատ Ուլուբաբյանն իր Դրվագներ Հայոց արեւելից կողմանց պատմության գրքին կցված քարտեզում Արցախի Տիգրանակերտը տեղադրել է Կարկառ գետի ներքնահովտում, թեեւ նույն գրքում բառացիորեն օգտագործում է եւ "Շահբուլաղի Տիգրանակերտ" արտահայտությունը: Արցախի հուշարձանների հետազոտող Սամվել Կարապետյանն այս կապակցությամբ գրել է, որ Արցախի Տիգրանակերտը "հետազոտողները տեղորոշում են Շահբուլաղ ամրոցից հյուսիս-արեւելք` հռչակավոր աղբյուրի եւ ներկայիս Թարնոյուտ (Թառնագյուտ) գյուղի (Վանքասարի ստորոտում) եւ կամ Գյավուրղալա քաղաքատեղիի տարածքում": Տիգրանակերտի տեղադրության հարցում շփոթ կա նաեւ Հ. Սիմոնյանի ու Հ. Սանամյանի վերջերս լույս տեսած "Վանքասարի հուշարձանները" հոդվածում: Հեղինակները թեեւ նկարագրել են Շահբուլաղի շրջակայքը, բայց բնակատեղին երկիցս հիշատակում են Գյավուրղալա-Տիգրանակերտ անունով:
Սրանով չեն սպառվում Արցախի Տիգրանակերտի մասին տեղեկություններն ու դիտողությունները: Այս ամենի մանրամասն քննությունը մենք կներկայացնենք Տիգրանակերտի հետազոտության առաջին արդյունքներին նվիրված ծավալուն ուսումնասիրության մեջ, որն արշավախումբը ծրագրում է հրատարակել 2009 թվականին:
Արշավախումբը` ձեռնարկելով Խաչենագետի ներքնահովտի համալիր հետազոտությունը` նպատակ ուներ հնագիտորեն ապացուցելի դարձնել անտիկ քաղաքի առկայությունը կամ բացակայությունը: Այդ հետազոտության արդյունքում էլ հայտնաբերվել են Տիգրան Մեծի կողմից կառուցված քաղաքի վերգետնյա հետքերը, որոնց հետագա պեղումներով էլ վերջնականապես եւ տեսանելի կերպով հավաստվել է ընդարձակ եւ հարուստ անտիկ քաղաքի առկայության փաստը: