Tigranakert

Նորություններ

Նոր խոսք հայագիտության ասպարեզում
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ "ԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ" մենագրությունը

Գիրքը խաչքարերին նվիրված ակադեմիական առաջին համակողմանի հետազոտությունն է, որը նաեւ լիակատար նկարազարդ է: Նրանում աղբյուրագիտական, դավանաբանական, պատմա-մշակութային եւ իմաստաբանական ընդարձակ քննությամբ վեր է հանված խաչքարային մշակույթի համապարփակ կերպարը (խաչքարի ծագումը, տիպաբանությունը, գործառույթը, հորինվածքի կառուցվածքն ու իմաստաբանությունը), պատճառաբանված եւ մանրամասնված են ազգային կենսընթացի եւ աշխարհընկալման այն իրողություններն ու համալիրները, որոնք պայմանավորել են այդ մշակույթի ձեւավորումը, զարգացումն ու հարատեւումը, ժողովրդի մեջ խաչքարի պաշտամունքի սկզբնավորումն ու գոյատեւումը:
Գիրքը պարունակում է 406 էջ հայերեն տեքստ, ավելի քան 500 բարձրորակ գունավոր թվային լուսանկար եւ գրչանկար: Այն հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդը: Հրատարակիչն է Փինթինֆո հրատարակչությունը:

շարունակություն...

Պեղումների արդյունքների ներկայացում Ստեփանակերտում: 2008թ. ապրիլի 10-ին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը հանդես եկավ Տիգրանակերտի հայտնաբերմանը և հնագիտական պեղումների առտաջին արդյունքներին նվիրված ընդարձակ դասխոսությամբ: Սկզբում ցուցադրվեց ՙԵրկիր՚ միության պատվերով 2006թ. Զարեհ Ճգնավորյանի ստեղծած ՙՏիգրանակերտ. հայկական ոդիսական՚ ֆիլմը: Արշավախմբի ղեկավարը մանրամասնորեն ներկայացրեց ՙսպիտակ քաղաքի՚ հայտնագործման ու պեղումների մանրամասները, այս տարի նախատեսվող լայնածավալ աշխատանքների պլանները, գալիք տարիների հեռանկարները: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նորեկ Գասպարյանը, Կրթության և գիտության նախարարար Վլադիկ Խաչատրյանը, ստեփանակերտյան բուհերի, ստեղծագործական կազմակերպությունների ներկայացուցիչրներ, ուսուցիչներ, ուսանողներ:

Տիգրանակերտի պեղումները ներկայացվում են Եգիպտոսում: 2008թ. փետրվարի 20-ից 28-ը Եգիպտոսի հայ համայնքի հրավերով Եգիպտոսում էր գտնվում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Կահիրեում և Ալեքսանդրիայում տեղի ունեցած հանանդիպումների ժամանակ ներկայացվեցին Տիգրանակերտի հետազոտությունների վերջին արդյունքները: Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը կազմակերպեց մամուլի ասուլիս եգիպտական լրատվամիջոցների համար: Համլետ Պետրոսյանին ընդունեց Եգիպտական հնագիտական դեպարտամենտի ղեկավար դոկտոր Զահի Հավասը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց` քայլեր ձեռնարկել հայ-եգիպտական հնագիտական համագործակցության ուղղությամբ: Լուքսորում Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավարին հյուրընկալեց Մեմնոնի արշավախումբը, որը ղեկավարում է մեր հայրենակից դոկտոր Հուրիկ Սուրուզյանը:

ԼՂՀ կառավարության որոշումը Տիգրանակերտի պեղումները ֆինասնավորելու մասին: ԼՂՀ կառավարության որոշմամբ` Տիգրանակերտի 2008 թ. պեղումների համար հատկացվել է երեսուն միլիոն դրամ: Պեղումներն անց են կացվելու հունիս-օգոստոս ամիսներին:

Տիգրանակերտի հետագա հետազոտության խնդիրները` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուշադրության դաշտում: 2007թ. դեկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի և նույն արշավախմբի անդամ Վարդգես Սաֆարյանի հետ քննարկել է Արցախի Տիգրանակարետի պեղումների հետ կապված մի շարք հարցեր:
Կարևորելով Տիգրանակերտի նշանակությունը գիտական և քաղաքական տեսակետից, նախագահն ընդգծել է իրականացվող աշխատանքներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Սահակյանի խոսքերով անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ, ինչպես նաև այդ գործընթացում ակտիվորեն ներգրավել Սփյուռքի մեր հայրենակիցներին, հասարակայնության և ԶԼՄ ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նորեկ Գասպարյանը:

Տիգրանակերտի հետազոտությունների արդյունքներին նվիրված ցուցահանդես և գիտաժողով Ժնևում: 2007թ. մարտի 1-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքի հայ համայնքի կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Տիգրանակերտի հայտնագործմանը նվիրված ցուցահանդես: Բացմանը հաջորդեց Տիգրանակերտին նվիրված գիտաժողով: Ցուցահանդեսի կազմակերպիչները Տիգրանակերտի պեղումներին մեծապես աջակցած` Շվեյցարահայ ու Փիլիպոսյան միություններն էին` ի դեմս նրանց նախագահ, հայտնի բարերար Վահե Գաբրաշի:
Ցուցահանդեսի բացմանը և գիտաժողովին ներկա էին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան պրն. Զոհրապ Մնացականյանը, շվեյցարահայ հայտնի գործիչներ, համայնքի բազմաթիվ անդամներ:
Գիտաժողովը իրենց ելույթներով բացեցին Վահե Գաբրաշն ու Երկիր միության նախագահ Սևակ Արծրունին: Տիգրանակերտի հայտնագործման և պեղումների մանրամասները ներկայացրեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Տիգրան Մեծի գործունեությանը նվիրված զեկուցումով հանդես եկավ Լեչեի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Ջուստո Տրաինան: Վիրտուալ Տիգրանակերտի ստեղծման գործընթացի մասին զեկուցումով հանդես եկավ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների Ազգային կենտրոնի աշխատակից, դոկտոր Գուրգեն Դավթյանը:

Տիգրանակերտի պեղումները ներկայացվում են Լոս Անջելոսում: 2006թ. դեկտեմբերի 14-ից 28-ը Լոս Անջելեսում էր գտնվում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Այցի հիմնական նպատակն էր Երկիր ԱՄՆ կազմակերպության հետ համատեղ հայ համայնքին և գիտական շրջանակներին ծանոթացնել Տիգրանակերտի հայտնագործման և նախնական պեղումների հիմնական արդյունքներին, և ձևավորել Տիգրանակերտի պեղումներին աջակցող հանձնախումբ: Դեկտեմբերի 21-ին Մերդինյան դպրոցի սրահում Լոս Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանի Հայոց ժամանակակից պատմության ամբիոնի և Արփա ինստիտուտի համատեղ կազմակերպած հավաքի ժամանակ պարոն Պետրոսյանը մանրամասնորեն ներկայացրեց Տիգրանակերտի հայտնագործման ոդիսականը, որն ուղեկցվեց մոտ երկու հարյուր սլայդների ցուցադրությամբ:
Լոս Անջելեսում գտնվելու օրերին կազմակերպվեցին հինգ հեռուստահաղորդումներ, ՙԱսպարեզ՚ անգլերեն թերթն իր տարեմուտի բացառիկ համարում Տիգրանակերտին նվիրված 6 էջանոց հոդված տպագրեց: Դեկտեմբերի 27-ին Երկիր միության անդամների և համակիրների հավաքում ձևավորվեց Տիգրանակերտի աջակցության խումբը: