Tigranakert

Պեղումները

Արշավախումբը 2005թ. ճշգրտել է Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը, իսկ 2006-2008թթ. պեղումներ է իրականացրել քաղաքի եւ նրա մերձակայքի տարբեր հատվածներում, որոնց հետեւանքով երեւան են հանվել Միջնաբերդի կառույցները, Ամրացված թաղամասի պարիսպները, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցին: Հետախուզական պեղումներ են կատարվել նաեւ Ամրացված թաղամասի ու Կենտրոնական թաղամասի մի քանի հատվածներում, Վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Հետազոտվել են նաեւ քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը:

Պեղումները, ինչպես եւ սպասելի էր, երեւան են բերում մեծ եւ հզոր քաղաքի կառուցապատման եւ մշակութային հարուստ կյանքի մանրամասները:

Պեղումների միջոցով գետնի տակից վեր հանած կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծումով եւ շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում հարատեւել է մինչեւ 14-րդ դարը: Այն ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր (արհեստական դարավանդների տեսքով) եւ ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք: