Tigranakert

Ամրացված թաղամասի պարսպահիմքերի պեղումները

Տիգրանակերտի ինքնության պարզաբանման համար` սկսած հետախուզական առաջին իսկ քայլերից, առանձնակի կարեւորություն ստացան Վանքասարի լանջն ի վեր ձգվող պարսպահիմքերի ավելի քան 450մ ժայռափոր հետքերը: Դրանց հստակ դիտելի աստիճանատեսք հատվածները ադրբեջանցի հետազոտողները ժամանակին թյուրիմացաբար համարել են դեպի Վանքասարի գագաթին գտնվող 7-րդ դարի տաճարը տանող աստիճաններ, հանգամանք, ինչը հնարավորություն չի տվել հայտնաբերել քաղաքը:
2008թ. պեղումներից հետո բացվել է այս երկարության 320 մետրը (միջին մակերեսը 2500 քառ. մ): Պեղումները ցույց են տալիս, որ պարսպապատերը կառուցվել են միասնական հատակագծումով, որտեղ փորձել են պարիսպը համապատասխանեցնել տեղանքի թե' ուղղաձիգ եւ թե' հորիզոնական անկումներին` հմտորեն համադրելով տարբեր ուղղություններով փորված ակոս-ժապավենները, աստիճաններն ու հարթակները: Պարիսպներն ամրացված են եղել կիսաշրջան, լիաշրջան եւ քառանկյուն աշտարակներով: Ավելին, պեղումները պարզել են նաեւ, որ պարսպապատը ամրացված թաղամասի համար հատակագծային առանցքի դեր է խաղացել, քանի որ նրանից են ճյուղավորվել դարավանդների հենապատերը:
Ամրացված թաղամասում շինությունները տեղադրված են եղել մի քանի դարավանդների վրա: Այժմ հստակորեն կարելի է խոսել առնվազն չորս դարավանդների մասին, որոնցից մեկը բացվել է 60 մ երկարությամբ: Այն շարված է մինչեւ 1.7 մ երկարություն եւ 0.5-0.7 մ լայնություն ունեցող կրաքարե կոպտատաշ խոշոր բլոկներով: Որոշ տեղերում պատը պահպանվել է երկու բլոկի բաձրությամբ (մինչեւ 1.20 մ): Պատը շարված է հելլենիզմի ժամանակ տարածված չոր տեխնիկայով (շաղախ չի օգտագործվել), երբ պատի ամրությունն ապահովվում էր ի հաշիվ բլոկների ծանրության: Պարիսպների համեմատ այն շատ ավելի կոպիտ է, չեն օգտագործվել նաեւ 'ծիծեռնակապոչ կապեր': Ընդ-որում, հորիզոնական շարքերը կազմվում էին տարբեր բարձրություն ունեցող բլոկներով: Տեղ-տեղ պատը դրվել է հարթացված ժայռի վրա, մնացած դեպքերում այն հողե հիմքի վրա է, որի արդյունքում պատը դարերի ընթացքում այդ հատվածներում նստվածք է տվել: Պատն առայժմ բացվել է միայն դրսից: 2008թ պեղումների արդյունքում բացվել են նաեւ հենապատին կից կոնտրֆորսի մնացորդները: Բուն հարթակի պեղումները, որտեղ տեղադրված են եղել շինությունները, ավելի ուշագրավ արդյունքեր կարող են տալ:

Տեխնիկական առումով այս պեղումները հնարավոր դարձրին ունենալ պարսպի հնարավոր չափումները` լայնություն, կվադրի միջին չափեր, անկումների սահմաններ` տվյալներ, որոնք հնարավոր կդարձնեն ստեղծել պարսպապատերի վիրտուալ պատկերը: Պեղումների հետեւանքով հայտնաբերվել են բուն պարսպապա տի ընդարձակ հատվածներ` շարված ժայռափոր հիմքի մեջ եւ իրականացված խոշոր սրբատաշ կվադրերով: Որոշ քարեր ունեն ռուստիկ մշակում, ֆասկաներ եւ նմանվում են Միջնաբերդի պարսպի կվադրերին: Ուշագրավ է, որ այստեղ էլ կվադրերը շարելիս օգտագործվել է կրաշաղախ: Մի դեպքում մանր քարերի հետ խառնված շաղախով կվադրերի ժայռափոր հիմքը բերել են հորիզոնական մակարդակի, երկրորդ դեպքում այն ուղղակի լցվել է քարերի արանքը: Եթե նկատի ունենանք, որ Հռոմեական կայսրությունում կրաշաղախը լայնորեն օգտագործվում էր արդեն մ.թ.ա. երկրորդ դարից սկսած, իսկ Տիգրանակերտն ամբողջովին գտնվում է կրաքարե լեռան վրա ու կառուցված է կրաքարից, ապա կարելի է հավանական համրել, որ ի դեմս Տիգրանակերտի մենք ունենք Կովկասում կրաշաղախի օգտագործման առաջին փորձերից մեկը:
Նորից զարմացնում է միջոցառման գրանդիոզությունը, հորինվածքի ճկունությունն ու քարի մշակման ու շարվածքի տեխնիկական բազմազանությունն ու կատարելությունը: Կասկածից դուրս է, որ միայն արքայական ուժն ու բարձր կազմակերպվածությունը կարող էին գրավական լինել ժամանակի բարձր տեխնիկական մտքի ու վարպետության նման լայնամասշտաբ համադրմանն ու իրագործմանը:

Տեսադարան