Tigranakert

Միջնաբերդի պեղումները

Միջնաբերդի պեղումները. պեղումների արդյունքում բացվել է ծիծեռնակապոչ պարսպի հյուսիսային պատի մոտ 60 մետրանոց հատվածը: Առկա չափերով այն իր ժամանակի ամենամեծ պեղված պատերից մեկն է Անդրկովկասում: 2008 թ. պեղումների ամենամեծ հաջողությունը ավելի քան 9 մետր տրամագծով շրջանաձեւ աշտարակի հայտնաբերումն է, որի պատերը` կերտված սրբատաշ ու ծիծեռնակապոչ միացումներով կվադրերի օգնությամբ, պահպանվել են մինչեւ հինգ շարք բարձրությամբ: Պարսպապատի այս հատվածը երեւան է բերում հելլենիստական հատակագծման եւ շինարարական տեխնիկայի բոլոր նրբությունները:
Պատը շարված է ժայռի մեջ փորված հիմքերի վրա, ունի մոտ 2,6 մ հաստություն: Պահպանված ամենամեծ բացարձակ բարձրությունը կազմում է 4,5 մետր: Պատը թեեւ ենթարկվում է ռելիեֆի փոփոխություններին, սակայն բաղկացած է միայն ուղղագիծ հատվածներից եւ ունի միայն ուղղանկյուն թեքումներ: Պատն իրականացված է չոր շարվածքով, կրաշաղախը (որի մեջ բացակայում է ավազը) միայն բացվածքները լցնելու դեր է խաղում: Կվադրերն ունեն շփման մակերեսների իդեալական տաշվածք, դրսի երեսների ռուստիկ (բարձիկատեսք) մշակում եւ վարպետորեն արված ֆասկաներ (կվադրերի դրսի եզրերի երկայնական կտրվածքներ): Խոշոր կվադրերը ուղղակի դրված են իրար վրա, մանր կվադրերը լրացուցիչ իրար են միացվել 'ծիծեռնակապոչ կապերով': Այս տեխնիկան լայնորեն տարածված է Փոքր Ասիայում, Միջագետքում, Արարատյան դաշտում: Սակայն Արցախում հայտնաբերվում է առաջին անգամ: Ինչքան փոքր են կվադրերը` այնքան հաճախակի են 'ծիծեռնակապոչ կապերը': Սա հիմք է տալիս ենթադրել, որ փոքր կվադրերով պատը պակաս ամուր էր եւ ենթակա էր լրացուցիչ ամրացման: Կարելի է նաեւ փաստել, որ ավելի հաճախ նման կապերով ամրացվել են արտաքին շարքերի քարերը` թերեւս նույն մտահոգությամբ: Պեղումներով բացվել է նաեւ միջնաբերդի դարավանդը պահող ամրապատի մի հատվածը, ինչպես նաեւ վաղմիջնադարյան մի պատ (Այս պատն իր կառուցման տեխնիկայով (պատի արտաքին շարքերը շարվել են խոշոր կոպտատաշ կվադրերով, իսկ արանքը լցվել է մանր խիճով) ընդհուպ մետենում է Տիգրանակերտի մերձակայքում պեղած ամրոցի պարսպապատին եւ դրանով իսկ օգնում է ամրոցն էլ թվագրել վաղ միջնադարով:), որը նստած է 'ծիծեռնակապոչ' պատի վրա, պարիսպներին կից կառուցված կացարանների հետքերը` թոնիրներով հանդերձ: Նախնական ենթադրությունն այն է, որ վաղ միջնադարում փորձեր են արել պահել միջնաբերդի ռազմունակությունը, իսկ մոտավորապես 11-12-րդ դարերից սկսած այն կորցրել է իր ռազմական նշանակությունը: Միջնաբերդի գագաթային մասում իրականացված պեղումները ցույց են տալիս, որ 12-13-րդ դարերում այս հատվածը վեր էր ածվել խիտ բնակեցված թաղամասի: Թե ինչպիսի տեսք ուներ այն Տիգրան Մեծի ժամանակ, ցույց կտան հետագա պեղումները:
Պեղածո նյութերի մեջ առանձնանում են մ.թ.ա. 1 - մ.թ. 1-րդ դարերի գունազարդ խեցեղենի կատարյալ օրինակները, վաղքրիստոնեական քարե խաչի բեկորը, արմավաքանդակները: Քարե խարսխի գյուտը հույս է ներշնչում, որ միջնաբերդի այս հատվածում կարող են բացվել եւ մոնումենտալ շինություններ:

Հայտնագործությունն էականորեն նպաստում է Տիգրանակերտ քաղաքի ինքնությունը հավաստելու խնդրին: Կառուցողական նման տեխնիկայով շինություններ հայտնի են Հայաստանի հելլենիստական եւ ուշ անտիկ շրջանի մի քանի հնավայրերում (Արմավիր, Արտաշատ, Գառնի), Վրաստանում (Բագինեթի): Հելլենիստական խոշոր քաղաքներին, հատկապես մայրաքաղաքներին, բնորոշ նման բարձրակարգ մշակումով պարիսպի առկայությունը կարեւոր կռվան է հօգուտ Արցախի Տիգրանակերտ քաղաքի: Պարսպի արտաքին կողմից պեղած խեցեղենի մեջ պարզորոշ երեւում են քաղաքային կյանքի թե’ հելլենիստական եւ թե’ միջնադարյան փուլերին վերաբերող նյութեր, մասնավորապես հիանալի մշակված գունազարդ կավամանների բեկորներ, որոնք վերաբերում են մ.թ.ա. առաջին-մ.թ. առաջին դարերին:
Քաղաքի ամրացված թաղամասում առկա պարսպատերի ժայռափոր հիմքերը, դրանց հսկայական չափերը, կառուցման կանոնավորությունը, սալերի կատարյալ համաչափությունն ու նուրբ մշակումը, հելլենիստական ամենառաջադեմ տեխնիկայով սալերն իրար միացնելը ('ծիծեռնակապոչ' կապերը) անկասկածորեն վկայում են, որ դրանք կառուցվել են միասնական պլանավորումով, հմուտ եւ առաջադեմ ճարտարապետների ու վարպետների կողմից: Ուժի, մտքի եւ նյութի նման կուտակումն ու գրանդիոզ ծրագրի իրագործումը կոնկրետ մի վայրում հնարավոր էր միայն համընդհանուր, պետական մոբիլիզացիայի դեպքում, հանգամանք, ինչն ավելի է ամրապնդում համոզմունքը, որ մենք գործ ունենք թագավորական ու պետական նախաձեռնության հետ: Այսպիսով, պեղումներով հայտնաբերված կառույցներն ու հնագիտական նյութերը համահունչ են Արցախի Տիգրանակերտի վերաբերյալ գրավոր աղբյուրների տեղեկությունների ու բանավոր ավանդույթի հետ:

Տեսադարան