Tigranakert

Կուրգաններ

Տիգրանակերտի շրջակայքի հնագույն մշակույթը հիմնականում ներկայացված է մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներին վերաբերող բրոնզեդարայն եւ երկաթեդարյան դամբարանային համալիրների տեսքով: Առավել առանձնանում են կուրգանները` մոտ 6-12 մ բարձրությամբ եւ 40-70 մ տրամագծով: Որոշ կուրգաններ ավերված են, նկատելի են դամբանաթմբի զրահը կազմող ոչ մեծ քարերի ու ծածկասալերի մնացորդներ: Նմանօրինակ դամբանաբլուրներ Արցախի տարածքում պեղվել են 1960-ական թթ. Ստեփանակերտից ոչ հեռու` Խոջալու բնակավայրի մերձակայքում, հնագետ Կարինե Քուշնարյովայի կողմից, վերջին երկու տասնամյակներում` Շոշում եւ Քարաբլուրում` Համլետ Պետրոսյանի եւ Վարդգես Սաֆարյանի կողմից: Հայտնաբերված հարուստ հնագիտական գտածոները հիմնականում վերաբերում են Վաղ Երկաթի շրջափուլին, նույնական են "լճաշեն-մեծամորյան" մշակույթի նյութերին եւ տեղավորվում են մ.թ.ա. 11-12-րդ դդ. ժամանակային սահմաններում: Կուրգանային մշակույթը, ըստ մի շարք ուսումնասիրողների, կապվում է հնդեվրոպական հիմնախնդրի եւ հնդեվրոպացիների հնարավոր տեղաշարժերի հետ: Ուստի պեղումների արդյունքում փաստագրված թաղման ծեսի մանրամասների վերլուծությունը, ինչպես նաեւ ձեռք բերված հնամարդաբանական նյութերի համակողմանի ուսումնասիրությունը կարող են նոր տվյալներ տալ այս մասին:

Տեսադարան