Tigranakert

Քաղաքի տեղադրության բացահայտումը

Արցախի Տիգրանակերտի մասին առկա աղբյուրագիտական, տեղագրական ու պատմագիտական նյութերի քննությունը հիմք էր տալիս հավանական համարել, որ բնակավայրի ավերակները պետք է փնտրել Խաչենագետի ներքնահովտում, այնտեղ, ուր Արցախյան լեռնաշղթան շեշտակի անկումներով ձուլվում է տափաստանի հետ, եւ որտեղով հնում հյուսիս-արեւմուտքից դեպի հարավ-արեւելք ձգվող մոտավոր գծով իրարից բաժանվում էին Մեծ Հայքի Արցախ եւ Ուտիք նահանգները: Հենց այս գծի վրա էին ըստ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի գտնվում մյուս Տիգրանակերտը, որը պատկանում էր Ուտիքին, եւ Տիգրանակերտ ավանը, որը պատկանում էր Արցախին: Հստակորեն տեղայնացնելու համար Արցախի Տիգրանակերտը, հետազոտական խումբը որպես պայմանական կենտրոն ընդունեց Խաչենագետը հարթավայր դուրս գալու կետը, եւ ուսումնասիրեց մոտ 10 կմ շառավղով ընդարձակ մի տարածքի հուշարձանները:

Այստեղ վավերացված հուշարձանների շարքում ամենաուշագրավն, անշուշտ, երկու մեծ բնակատեղիներն են` տեղադրված Խաչենագետի աջ եւ ձախ ափերից համարյա հավասար հեռավորության վրա` մեկը Սոֆուլու գյուղի, իսկ մյուսը` Շահբուլաղ կոչվող աղբյուրների մերձակայքում: Հայագիտական գրականության մեջ հենց այս երկու կետերն էին համարվում Տիգրանակերտի հնարավոր տեղադրության վայրեր: Հետազոտության արդյունքները բերեցին այն եզրակացության, որ Տիգրանակերտի ավերակները պետք է փնտրել Շահբուլաղ (արքայական աղբյուր) կոչվող աղբյուրների շրջակայքում, որը 19-րդ դ. տեղագիրների մոտ հայտնի է Թնգրնակերտ, Թառնակերտ, Թառանյուրտ կամ Թառնագյուրտ անուններով` հնչողությամբ շատ մոտ Մովսես Կաղանկատվացու օգտագործած Տկռակերտին եւ ի վերջո Տիգրանակերտին: Այս հետազոտության արդյունքները կարելի է ուղղակի սենսացիոն համարել, քանի որ Շահբուլաղ կոչվող աղբյուրներից մոտ հարյուր երեսուն մետր դեպի արեւմուտք, Վանքասարի հարավ-արեւելյան ստորին լեռանալանջի ժայռեղեն երիզի վրա վավերացվեցին բնակավայրի ընդարձակ ամրակառույցների մոտ 450 մետր ձգվող հետքերը` պարսպապատերի կվադրերի համար նախատեսված ժայռափոր ժապավեններ, հարթակներ ու կիսաշրջան, լիաշրջան եւ ուղղանկյուն աշտարակների հիմքեր, որոնցից դեպի հյուսիս ձգվող ընդարձակ ու զառիթափ լանջում հնարավոր եղավ հենց գետնի վրա հավաքել մ.թ.ա. առաջին - մ.թ. առաջին դարերով թվագրվող գունազարդ խեցեղինի մի քանի տասնյակ բեկորներ:

Նույն աղբյուրներից մոտ երկու հարյուր մետր դեպի հարավ գտնվող ընդարձակ հարթավայրային հատվածում վավերացվեց քաղաքի Կենտրոնական թաղամասը` եկեղեցական շինության հաստահեղույս քարուկիր պատերի հետքերով, վաղ եւ զարգացած միջնադարյան խեցեղենի հարյուրավոր բեկորներով: Կենտրոնական թաղամասից դեպի հարավ-արեւմուտք` սիլոսի համար խորհրդային տարիներին փորված խրամատների կտրվածքներում վավերացվեցին վաղքրիստոնեական ընդարձակ գերեզմանոցի հետքերը:
Այսպիսով` հավաքած քաղաքաշինական եւ հնագիտական տվյալները հիմք տվեցին քաղաքը տեղայնացնել Վանքասարի ստորին լեռնալանջին եւ նրան կից հարթավայրում` Շահբուլաղ աղբյուրների անմիջական շրջակայքում:

Տեսադարան