Tigranakert

Քաղաքի կառուցվածքը

Տիգրանակերտ քաղաքը հելլենիստական-դասական շատ քաղաքների նման բաղկացած է եղել ամրացված թաղամասից` միջնաբերդով հանդերձ, առեւտրա-արհեստավորական կամ կենտրոնական թաղամասից, գյուղատնտեսական ընդարձակ արվարձաններից, գերեզմանոցներից:
Քաղաքի ջրմատակարարումն իրականացվել է լեռան ստորոտում բխող աղբյուրներով եւ, հավանական է, Խաչենագետից հանված ջրանցքներով:
Տիգրանակերտի Ամրացված թաղամասը տեղադրված է Վանքասարի ներքնալանջին, աղբյուրներից վերեւ: Այն լեռան վերնամասից եւ կենտրոնական թաղամասից անջատվել է խանդակներով: Հարավահայաց եզրը` մոտ 400 մ երկարությամբ զբաղեցնում են պարիսպների ժապավենատեսք, աստիճանաձեւ բարձրացող հիմքերը, զանազան հարթակներ: Պարիսպները ուժեղացված են եղել կիսակլոր աշտարակներով, կից կառուցված են եղել զանազան շինություններ: Լեռան թեք լանջին հզոր հենապատերի օգնությամբ դարավանդների տեսք են տվել, որոնց վրա էլ տեղադրվել են քաղաքային շինությունները: Ամրացված թաղամասի ամենաբարձր կետում գտնվում է միջնաբերդը: Ստորոտով հոսել է ջրանցքը:
Լեռան ստորոտի հարթավայրային հատվածում աղբյուրներից դեպի հարավ սփռված է քաղաքի Կենտրոնական թաղամասը` զանազան կառույցների մնացորդներով եւ միջնադարյան խեցեղենի ու ապակու բազմաթիվ բեկորներով: Ըստ էության քաղաքի տեղի ընտրության գործում կարեւոր դեր է խաղացել եւ աղբյուրների առկայությունը, որոնց շնորհիվ լուծվել է եւ քաղաքի ջրամատակարարման խնդիրը:
Քաղաքից դեպի արեւելք եւ հարավ ձգվել է բարեբեր երկրագործական արվարձանը, որը հավանաբար ոռոգվել է Խաչենագետից հանած ջրանցքի ջրերով:
Կենտրոնական թաղամասից հարավ, այնտեղ ուր հիմա պահպանվել են վաղքրիստոնեական դամբարանադաշտի մնացորդները, հավանական է տեղադրված է եղել քաղաքի գերեզմանոցը:
Քաղաքի անմիջապես կողքով` մոտավորապես լեռների եւ տափաստանի սահմանագծով անցնում էր Սյունիք-Վիրք առեւտրական ճանապարհը:

Տեսադարան