Նոր խոսք հայագիտության ասպարեզում
Լույս է տեսել ՀԱՄԼԵՏ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ "ԽԱՉՔԱՐ. ԾԱԳՈՒՄԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ" մենագրությունը

Գիրքը խաչքարերին նվիրված ակադեմիական առաջին համակողմանի հետազոտությունն է, որը նաեւ լիակատար նկարազարդ է: Նրանում աղբյուրագիտական, դավանաբանական, պատմա-մշակութային եւ իմաստաբանական ընդարձակ քննությամբ վեր է հանված խաչքարային մշակույթի համապարփակ կերպարը (խաչքարի ծագումը, տիպաբանությունը, գործառույթը, հորինվածքի կառուցվածքն ու իմաստաբանությունը), պատճառաբանված եւ մանրամասնված են ազգային կենսընթացի եւ աշխարհընկալման այն իրողություններն ու համալիրները, որոնք պայմանավորել են այդ մշակույթի ձեւավորումը, զարգացումն ու հարատեւումը, ժողովրդի մեջ խաչքարի պաշտամունքի սկզբնավորումն ու գոյատեւումը:
Գիրքը պարունակում է 406 էջ հայերեն տեքստ, ավելի քան 500 բարձրորակ գունավոր թվային լուսանկար եւ գրչանկար: Այն հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդը: Հրատարակիչն է Փինթինֆո հրատարակչությունը:


Գրքում արծարծվող հիմնական թեմաները
վերականգնվել է խաչի գաղափարաբանության ու պատկերագրության ձեւավորման համաքրիստոնեական եւ հայկական միջավայրը,
ներկայացված է վաղմիջնադարյան խաչանշանների ու խաչային հորինվածքների համապարփակ քննությունը,
մանրամասնվել է խաչքարի առաջացման գաղափարական, ձեւագոյացման եւ պատկերա-գրական նախադրյալները, պատճառաբանվել խաչքարի երեւան գալու ժամանակային հանգամանքները, ընդհանրացվել է խաչքարերի ընձեռած ճարտարապետական, պատկերագրական եւ վիմագրական տեղեկատվությունը եւ առաջարկվել դրանց մանրամասն ժամանակագրական, ծավալային եւ պատկերագրական տիպաբանություն` սկսած 9-րդ դ. առաջին օրինակներից մինչեւ 17-րդ դ. վերջին օրինակները,
վերականգնվել են խաչքարի կերտման տեխնիկական հնարներն ու ընթացքը, խաչքարը օրհնելու եւ օծելու եկեղեցական ծեսը,
բնութագրվել, տարբերակվել եւ մանրամասնվել են խաչքար կանգնեցնելու առիթները, նպատակները, խաչքարի հիմնական եւ վերագրյալ գործառույթները,
խաչքարային հորինվածքում առանձնացվել եւ բնութագրվել են նրա հիմնական բաղադրիչները, միջնադարյան մշակույթի ընդհանրական հենքի վրա ներկայացվել են դրանց պատկերագրական զարգացումն ու խորհրդաբանությունը,
վերականգնվել է հորինվածքի կառուցվածքը, ներկայացվել եւ պատճառաբանել են նրա համաչափ եւ անհամաչափ լուծումները, ուղղաձիգ եւ հորիզոնական եռամասնությունը, իմաստային "շարժումը", վերականգվել են խաչքարային հորինվածքի հիմնական իմաստաբանությունը, իմաստաբանական կոնկրետ տարբերակները,
բնութագրվել է խաչքարի հիմնարար դերակատարումը հայ կյանքում եւ մշակույթում, ժա) բնութագրվել են խաչքարի փոխառնչությունները միջնադարյան մշակութային այլ համալիրների հետ (տաճար, գիրք, տապանաքար):

Գրքի բովանդակությունը
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ. ԽԱՉԻ ՎԱՂՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆ ՈՒ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽԱՉՔԱՐԻ ԾԱԳՈՒՄԸ:
ա. Խաչակիր կոթողներն ու խաչի խորհրդաբանությունն ըստ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի:
բ. Խաչի վաղքրիստոնեական գաղափարաբանությունը, խորհրդաբանությունն ու պատկերագրությունը:
գ. Խաչի վաղ պատկերագրությունը Հայաստանում:
դ. Վաղմիջնադարյան խաչակիր կոթողներն ու ծավալային խաչերը:
ե. Ձողաբարձ խաչեր:
զ. Խաչելության փրկագործական գաղափարի քարոզչությունն ու վաղմիջնադարյան խաչային հորինվածքները:
Է. Հայ եկեղեցու պաշտոնական խաչապաշտությունը:
ը. Առանձին կանգնած կոթողի ավանդական պաշտամունքը:
թ. Խաչքարի հորինվածքային եւ ծավալային ձեւաստեղծումը:
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ-ՏԻՊԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՏԿԵՐԱԳՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ա. Առաջին խաչքարերը (9-10-րդ դարեր):
բ. Խաչքարային հորինվածքի ինքնուրույն զարգացումը. 11-րդ դարի խաչքարերը:
գ. 12 - 14-րդ դարերի խաչքարերը:
դ. 15-17-րդ դարերի խաչքարերը:
ե. Ջուղայի խաչքարերը:
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԻ ԿԱՆԳՆԵՑՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
ա. Խաչքարի տեխնիկական մշակումը:
բ. Վարպետը:
գ. Խաչքար կանգնեցնելու շարժառիթները:
դ. Խաչքար կանգնեցնելու ծեսը:
ե. Խաչքար կանգնեցնելու հիմնական նպատակները եւ խաչքարի գործառույթները:
զ. Խաչքարը որպես սուրբ:
է. Խաչքարի հետագա (վերագրյալ) գործառույթները:
ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
ա. Խաչը, խորանը, լուսային նշանները:
բ. Քիվը:
գ. Խաչատակի զարդերը. աստիճանները, եռանկյունին, վարդյակն ու արմավազարդը:
դ. Թռչունները:
ե. Աշխարհիկ պատկերաքանդակը:
զ. Արձանագրությունը:
ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԻ ԾԱՎԱԼԱՅԻՆ ԵՎ ՀՈՐԻՆՎԱԾՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՀԵՏ
ա. Խաչքարը եւ տաճարը:
բ. Խաչքարը եւ գիրքը:
գ. Խաչքարը եւ տապանաքարը:
ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ. ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ա. Ելնդավոր գիծը եւ անվերջության պատրանքը:
բ. Հորինվածքի կառուցվածքը, համաչափությունն ու անհամաչափությունը:
գ. Ուղղաձիգ "շարժումը" խաչքարային հորինվածքում, խաչը որպես համընդհանուր միջնորդ:
դ. Այգի-խաղողուտը:
ե. Հարության այլաբանությունները:
զ. Խաչի փրկագործական գալուստը:
է. Խաչը որպես ամենահաղթ զենք:
ը. Խաչքարային հորինվածքի կենացծառային իմաստաբանությունը, խաչքարը որպես հայաշխարհի ընդհանրական մոդել :
թ. Խաչքարը որպես հայ ինքնության խորհրդանշան:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

Հայտնի հայագետները գրքի մասին.
Խաչքարի համալիր ուսումնասիրությունը պահանջում է տարբեր գիտությունների ներգրավում` դավանաբանություն, փիլիսոփայություն, ազգագրություն, բանահյուսություն, հնագիտություն, վիմագրություն, եւ, իհարկե' քանդակագործություն եւ ճարտարապետություն: Այս բոլոր բնագավառների տեսանկյունից խաչքարը դիտարկելը (որ պահանջում է հայագետների մի ստվար խմբի համատեղ աշխատանք) մենակ կատարել է Հ.Պետրոսյանը, եւ դա ես առանց չափազանցության կանվանեի գիտական սխրանք:
Մուրադ Հասրաթյան,
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ,
ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր

Համլետ Պետրոսյանի գրքում խաչի եւ խաչքարի բոլոր բաղկացուցիչները ստացել են իրենց բացատրությունը, իրենց խորհրդավոր (սիմվոլիկ) կապը` ստորերկրայքից մինչեւ աստվածային լույսը, երկրային դրախտից եւ Ադամի մահից մինչեւ բոլորիս փրկությունը
Վիգեն Ղազարյան, արվեստագիտության դոկտոր,
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի
տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Համլետ Պետրոսյանի աշխատանքը խաչքարային մշակույթը համապարփակ ձեւով ներկայացնելու առաջին փորձն է, այն վավեր եւ ինքնատիպ ներդրում է գիտութան ասպարեզում:
Պրոֆ. Հ. Լեւոն Զէքիեան
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ

Հ. Պետրոսյանը վարպետորեն ներկայացնում է խաչքարերի հիմնախնդիրները, ավելին, այդ կոթողները դիտարկվում են ոչ թե իրականությունից դուրս, այլ պատմական եւ տարածական համատեքստի կտրվածքով: Այն օգտակար է ոչ միայն հայագիտության համար, այլեւ քրիստոնեական արեւելքի բոլոր գիտնականների համար:
Ջուստո Տրայնա,
Լեչեի համալսարանի (Իտալիա)
Հին պատմության եւ հայագիտության պրոֆեսոր: