Tigranakert

Տիգրանակերտի 2008թ. պեղումների հիմնական արդյունքները

Արդեն չորրորդ տարին է, ինչ ընթանում են մ.թ.ա. առաջին դարում Հայոց արքա Տիգրան Մեծի (95-55թթ.) կողմից Արցախում հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի հնագիտական հետազոտությունները: ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշվախումբը` ղեկավարությամբ պատ. գիտ. դոկտոր, Երեւանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Լ. Պետրոսյանի, 2005թ. ճշգրտել է Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը, իսկ 2006-2007թթ. պեղումներ է իրագործել քաղաքի եւ նրա մերձակայքի տարբեր հատվածներում, որոնց հետեւանքով երեւան են հանվել քաղաքի Միջնաբերդի 'ծիծեռնակապոչ' շարվածքով պարիսպը, Ամրացված թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի վաղքրիստոնեական բազիլիկան, Խաչենագետի քարափի մեջ փորված Քարայրային-պաշտամունքային համալիրը, Ժայռափոր ջրանցքը եւ այլ հուշարձաններ:
Տիգրանակերտի 2008թ. պեղումներն իրենց ծավալով մոտ երկու անգամ գերազանցեցին նախորդ բոլոր պեղումների ծավալները: Պեղումներն սկսվել են հունիսի կեսերին եւ ավարտվել օգոստոսի վերջերին` տեւելով յոթանասուն օր: Արշավախմբի կազմում են Արցախի պետական համալսարանի դասախոս Վարդգես Սաֆարյանը, Երեւանի պետական համալսարանի Հնագիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ճարտարապետության թեկնածու Լյուբա Կիրակոսյանը, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Աղավնի ժամկոչյանը, Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտության բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու Ռուբեն Վարդանյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու Հասմիկ Մարգարյանը, ԵՊՀ հնագիտության եւ ազգագրության ամբիոնի հայցորդ Տատյանա Վարդանեսովան, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի մագիստրանտ Դավիթ Նահատակյանը:
Պեղումները ֆինանսավորել են ԼՂՀ իշխանությունները, որոնք այդ նպատակի համար հատկացրել են երեսուն մլն. դրամ (հարկային պահումները բացառյալ` քսանչորս մլն. դրամ):
Պեղումներն ընթացել են վեց տեղամասերում: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի պեղումները երեւան են բերել հզոր, հարուստ եւ գեղեցիկ քաղաքի պատկերը:
Քաղաքի Ամրացված թաղամասի Միջնաբերդի պեղումների ամենամեծ հաջողությունը ավելի քան 9 մետր տրամագծով շրջանաձեւ աշտարակի հայտնաբերումն է, որի պատերը` կերտված սրբատաշ ու ծիծեռնակապոչ միացումներով կվադրերի օգնությամբ, պահպանվել են մինչեւ հինգ շարք բարձրությամբ: Պեղումներով բացված պատի երկարությունը մոտ 60 մետր է: Առկա չափերով այն իր ժամանակի ամենամեծ պեղված պատերից մեկն է Անդրկովկասում: Զարմացնում է միջոցառման գրանդիոզությունը, հորինվածքի ճկունությունն ու քարի մշակման ու շարվածքի տեխնիկական բազմազանությունն ու կատարելությունը: Կասկածից դուրս է, որ միայն արքայական ուժն ու բարձր կազմակերպվածությունը կարող էին գրավական լինել ժամանակի բարձր տեխնիկական մտքի ու վարպետության նման լայնամասշտաբ համադրմանն ու իրագործմանը:
Միջնաբերդի գագաթային մասում իրականացված պեղումները ցույց են տալիս, որ 12-13-րդ դարերում այս հատվածը վեր էր ածվել խիտ բնակեցված թաղամասի: Պարիսպն այլեւս կորցրել էր իր պաշտպանական գործառույթը: Թե ինչպիսի կառուցապատում ուներ Միջնաբերդը ավելի վաղ եւ ի մասնավորի Տիգրան Մեծի ժամանակ, ցույց կտան հետագա պեղումները:

Համարյա ամբողջությամբ ուրվագծվում են ամրացված թաղամասի հարավային պարսպապատի ժայռափոր հիմքերը, որոնք ձգվում են 450 մ երկարության վրա: Բացվել է այս երկարության 320 մետրը (միջին մակերեսը 2500 քառ. մ):
Ամրացված թաղամասում շինությունները տեղադրված են եղել մի քանի դարավանդների վրա: Պեղումներով բացվել է այդ դարավանդներից մեկի հենապատը` ավելի քան 60 մետր երկարությամբ:
Վաղքրիստոնեական միանավ բազիլիկան բացվել է ավելի քան 21 մետր երկարությամբ: Սրբատաշ խոշոր բլոկներով ու կրաշաղախով իրականացված այս կառույցն ունեցել է զույգ հարավային ու հյուսիային շքեղ շքամուտքեր, ատամնազարդ քիվ: Միանավ այս սրահը Անդրկովկասի համանման կառույցների մեջ աչքի է ընկնում իր մեծ չափերով, իդեալական սրբատաշ պատերով ու սալահատակով, ճարտարապետական հարուստ դեկորով:

Բազիլիկայի 2008թ. պեղումների ժամանակ, նրա հատակին հայտնաբերվել է խեցեղեն փոքրիկ մի սկավառակ (տրամագիծը 7.5-7.8 սմ, հաստությունը` 0.5-1.0 սմ), որի մի երեսին փորագրված է շրջանի մեջ ներառված հավասարաթեւ խաչ, մյուս երեսին` մորթենու գլխարկ կրող, բեխ-մորուքով տղամարդու դիմապատկեր: Սկավառակն ունեցել է միջանցիկ երկու անցքեր, որոնց օգնությամբ կապվել է ինչ-որ փաթույթի կամ տուփի եւ յուրօրինակ 'դրոշմակնիքի' դեր է կատարել: Սկավառակի վրա փորագրված են հայերեն արձանագրություններ, որոնցից հիմնականը հայտնում է 'ԵՍ/ ՎԱՉ Է կամ ՎԱՉ ԱԳԱՆ / ԾԱՌԱՅ Տ ԵԱՌ Ն':

Սկավառակի գտնվելու հանգամանքների, պատկերագրության եւ հայերեն տառատեսակների քննությունը թույլ են տալիս այն թվագրել 5-7-րդ դարերով: Վաչե եւ Վաչագան անձնանունները նշյալ ժամանակ կրել են մի քանի անձինք: Նրանց շարքում հատկապես առանձնանում է հինգերորդ դարի վերջերին ու վեցերորդ դարի սկզբներին թագավորած Վաչագան Բարեպաշտ արքան, որն ըստ նրա մասին ստեղծված զրույցի` հրավիրել է Աղվենի եկեղեցական ժողովը եւ մեծ ժամանակ է հատկացրել սրբերի մասունքների հավաքմանը. հանգամանքներ, որոնք կարող են համահունչ լինել մեր սկավառակի գործառույթի եւ արձանագրության թեմայի հետ:
Սկավառակի վրա փորագրված հայերեն արձանագրությունները մի վառ վկայություն են` հօգուտ եկեղեցու, քաղաքի եւ ավելի ընդարձակ` Խաչենագետի ներքնահովտի վաղմիջնադարյան հայկական ինքնության:

Պեղումները վաղքրիստոնեական դամբարանադաշտում երեւան բերեցին կանոնավոր շարքերով տեղադրված թաղումներ, որոնք իրենց կառուցվածքով եւ թաղման ծեսով նույնական են Ստեփանակերտի արվաձան Արմենավանի դամբարանադաշտի հետ: Պեղումների հաջողություններից մեկն էլ այս դամբարանադաշտի տարածքի մի բարձունքի վրա հայտնաբերված թեւավոր խաչերի եւ խաչակալի քանդակազարդ մասերն են:
Պարզելու համար Կենտրոնական թաղամասի ընդհանուր շերտագրական պատկերը, նրա բարձրադիր կետերից մեկում պեղվեց ավելի քան 50քառ. մետր մակերեսով մի փոսորակ: Պարզվեց, որ այստեղ մշակութային շերտի խորությունը հասնում է մոտ երեք մետրի: Առայժմ հասել ենք վաղմիջնադարյան շերտին: Խիստ ուշագրավ է են վաղմիջնադարյան երեք անոթների բեկորների գյուտը, քանի որ դրանք կրում են հայերեն տառեր:

2008թ. պեղումներին անմիջապես հաջորդել է եկեղեցու ջրահեռացման համակարգի ստեղծումը: Պեղումների արդյունքում բացված եկեղեցին գտնվում է ավելի քան երեք մետր խորություն ունեցող փոսի մեջ, եւ նույնիսկ մեկ ուժեղ հեղեղը կարող է կործանարար լինել նրա պատերի ու սալահատակի համար: Այժմ ստեղծվել է ջրահեռացման մեծ համակարգ, եւ հուսով ենք, այն զերծ կպահի հուշարձանը հեղեղումներից:
Տիգրանակերտի պեղումները մեծ խանդավառություն են առաջ բերել Արցախում եւ Հայաստանում: Քիչ չեն նաեւ հապճեպ մոտեցումները, չափազանցությունները, երբեմն էլ թերահավատ կամ մերժողական մոտեցումները: Հուշարձանը բաց է այցելուների համար, ԼՂՀ կառավարության հատուկ որոշմամբ հուշարձանի տարածքում արգելված է ցանկացած տիպի տնտեսական գործունեություն: Զբոսաշրջության նորաստեղծ վարչությունը ծրագրեր է մշակում Վանքասարը, որի ստորոտում գտնվում է քաղաքը, վերածել պատմա-մշակութային արգելոցի եւ տուրիստական կենտրոնի:
Արշավախումբն այժմ մշակում եւ վերականգնում է գտածոները, ընթացքի մեջ է Տիգրանակերտի հայտնաբերմանն ու հնագիտական առաջին հետազոտությունների արդյունքներին նվիրված գրքի նախապատրաստումը:
Տիգրանակերտի պեղումների արդյունքները ներկայացվել են ս.թ. սեպտեմբերի 10-12-ը Փարիզում կայացած հայագետների միջազգային կոնգրեսում եւ ընդունվել մեծ խանդավառությամբ:

Տեսադարան