Tigranakert

Հետախուզական պեղումներ

Հետախուզական պեղումների առաջնահերթ խնդիրը անտիկ դամբարանադաշտի հայտնաբերումն է, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվել 2006-2008թթ.: Անտիկ դամբարանադաշտերը, բաղկացած հիմնականում կարասների եւ քարարկղերի մեջ կատարված թաղումներից, որպես կանոն, արտաքին նշաններ չեն ունենում: Դրանք մեծամասամբ հայտնաբերվում են պատահաբար` զանազան շինարարական-տնտեսական աշխատանքների կամ էլ պեղումների ժամանակ: Սակայն հայտնաբերվելու դեպքում թաղումները դառնում են հուշարձանի ճշգրիտ թվագրության ամենահուսալի աղբյուրը, քանի որ պարունակում են զանազան ամբողջական իրեր եւ դրամներ:
Անտիկ դամբարանադաշտի մասին մեր տեղեկությունները հիմնականում խարսխվում են այստեղ տնտեսական գործունեություն ծավալած մի ֆերմերի դիտողությունների վրա: Դեռեւս 2005թ. նա Կենտրոնական թաղամասի արեւմտյան հատվածում մեզ ցույց էր տվել մի քանի փոսեր` նշելով որ այստեղից գտնվել են խոշոր կարասների բեկորներ: Սակայն 2006թ. այստեղ ձեռնարկած պեղումները ցույց տվեցին, որ դրանք 12-14-րդ դարերին վերաբերող տնտեսական հորերի մնացորդներ են` լցված համաժամանակյա խեցանոթների ամբողջական եւ ջարդված օրինակներով:
Նույն անձնավորության տեղեկությունների համաձայն կարասների բեկորների եւ ոսկորների համատեղ մնացորդներ են դիտվել Կենտրոնական թաղամասի երկու այլ հատվածներում եւս: Դրանցից մեկի պեղումները 2007թ. երեւան բերեցին վերին` 18-19-րդ դարերի թույլ շերտը, որին հաջոդեց մոտ մեկ եւ կես մետր ստերիլ մի շերտ, ապա` 9-11-րդ դարերի շատ հզոր մի շերտ, որտեղ գտնվեցին միջնադարյան նյութերի շատ ուշագրավ օրինակներ: Դրանց մեջ առանձնանում են ամբողջական բահը` պեղումներով հայ միջնադարյան հուշարձաններից հայտնի երրորդ օրինակը, հասարակ եւ ջնարակապատ խեցեղենի, ձիթաճրագների, ապակու ուշագրավ օրինակներ:
Առաջնակարգ նշանակություն ունի 11-12-րդ դարերին բնորոշ երկաթյա խաչի բեկորը: Ընդհանրապես զարմացնում է հնագիտական նյութի առատությունն ու որակը, նրա բարձր քաղաքային մակարդակը: Այստեղ, ցավոք, կարասային թաղումների եւ անտիկ շերտի հետքեր չհայտնաբերվեցին:

Նկատի ունենալով, որ անտիկ դամբարանադաշտերը հաճախ տեղադրվում էին ամրակառույցների մերձակայքում, մեր փնտրտուքի երկրորդ վայրն էլ ամրացված թաղամասի ներքնամասն էր: Այստեղ, պայմանականորեն 'Աղվեսի բներ' կոչվող հատվածում դեռ 2006թ. զանազան կենդանիների կողմից իրենց բների փորման հետեւանքով արտանետած հողերի մեջ անտիկ խեցեղենի նշանակալից բեկորներ էին հայտնաբերովում: Հարկ է նկատի ունենալ 19-րդ դարի վերջերին Տիգրանակերտ այցելած եւ այն բավականին մանրամասն նկարագրած Մ. Բարխուդարյանցի մի դիտողությունը, ըստ որի 'Աւերակիս ստորոտումն է Շահ-բուլաղ մեծ աղբիւրն, իսկ վերին ծայրումն` հանգստարանն': Հասկանալի չէ, թե ինչ հանգստարանի մասին է խոսքը, սակայն կարելի է կարծել, որ 'Աղվեսի բներ' հատվածի հետախուզական պեղումները կարող էին ինչ-որ պարզություն մտցնել այս հարցում: Այստեղ ընտրվեց մոտ 7*4մ մի տարածք, որի պեղումները երեւան բերեւեցին մ.թ.ա 1-ին - մ.թ.1-ին դարերի խեցեղենի հոյակապ նմուշների` կարասների, կճուճների, տափաշշերի, պնակների բազմաթիվ բեկորներ, օյնոխոյաներ, որոշ դեպքերում էլ նույնիսկ ամբողջացող օրինակներ: Պեղածո հատվածի ներքնամասում` մոտ 2,8 մ խորության վրա բացվեցին օջախի, հատակի վրա ամրացված տապակայի, հորի եւ հատակի հետքեր: Ուշագրավ են նաեւ մանր իրերի գյուտերը` ոսկորե դանակի շեղբ, սադափե վերադիր զարդի մաս, բրոնզեճարմանդի մաս եւ այլն: Գունազարդ խեցեղենի կարմիր եւ դարչնագույն փայլեցումը, ներկերով արված պարույրները, ալիքները, շեւրոններն ու կենացծառային մոտիվները վկայությունն են քաղաքային բարձր տեխնոլոգիայի եւ ճաշակի: Թեեւ այս դեպքում էլ, թաղումների հետքեր չհայտնաբերվեցին, սակայն փաստվեց մշակութային շերտի` մինչեւ երեք եւ կես մետր հասնող հզորությունը եւ հնագիտական նյութերով ծայր հագեցվածությունը:

Տիգրանակերտի վաղքրիստոնեական դամբարանադաշտը տեղադրված է քաղաքի հարավային ծայրամասում եւ տեսանելի է խորհրդային տարիներին այստեղ փորված սիլոսի հորերի եւ քարհանքերի կտրվածքներում: 2008թ. ձեռնարկելով դամբարանադաշտի պեղումները, հույս ունեինք նաեւ անտիկ թաղումների հետքեր գտնել: Պեղումները երեւան բերեցին կանոնավոր շարքերով տեղադրված վաղքրիստոնեական թաղումներ, գտնվեցին թեւավոր խաչերի եւ խաչակալի քանդակազարդ մասեր: Սակայն անտիկ թաղումների հետքեր չհայտնաբերվեցին: Զուգահեռաբար ստուգել ենք քաղաքի մերձակայքի հողափորվածքները, կտրվածքներն ու փլուզումները, զրուցել ենք շրջակայքի բնակիչների հետ, սակայն դեռեւս որեւէ հուսադրող արդյունք չկա:
Ամփոփելով անտիկ դամբարանադաշտի ուղղությամբ կատարած հետախուզական աշխատանքները, կարող ենք արձանագրել, որ թեեւ այն դեռեւս հաջողությամբ չի պսակվել, տվել է կողմնակի մի քանի կարեւոր արդյունքներ` հզոր մշակութային շերտեր Կենտրոնական եւ Ամրացված թաղամասում, ուշագրավ եւ բազմաքանակ գտածոներ:

Տեսադարան