Tigranakert

Վաղքրիստոնեական տաճարի պեղումները

Քաղաքի կենտրոնական թաղամասում պեղվում է 5-6-րդ դարերի քրիստոնեական բազիլիկան: 2006թ. պեղվել է աղոթասրահի եւ արեւելյան աբսիդի մի փոքր հատվածը, 2007թ. պեղումների արդյունքում լիովին բացվել են աղոթասրահի արեւելյան կեսը, պայտաձեւ աբսիդը ներսից, հյուսիսային ու հարավային մեկական մուտքերը, հարավային պատի միջուկն արտաքուստ, մի քանի հատակների մնացորդները: 2008թ. պեղումներով եկեղեցին բացվել է ավելի քան 21 մետր երկարությամբ: Սրբատաշ խոշոր բլոկներով ու կրաշաղախով իրականացված այս կառույցն ունեցել է զույգ հարավային ու հյուսիային շքեղ շքամուտքեր, ատամնազարդ քիվ: Միանավ այս սրահն Անդրկովկասի համանման կառույցների մեջ աչքի է ընկնում իր մեծ չափերով, իդեալական սրբատաշ պատերով ու սալահատակով, ճարտարապետական հարուստ դեկորով:

Եկեղեցին իր ծավալատարածական հորինվածքով պատկանում է 4-6-րդ դարերում Հայաստանում տարածված միանավ բազիլիկաների տիպին: Բեմից բացի ունի նաեւ դասի մաս, որը ձգվում է 2.5 մ դեպի արեւմուտք եւ աղոթասրահի մակարդակից բարձր է 0.5 մ: Այն ամբողջությամբ սալապատված է« նրանից դեպի աղոթասրահ իջնում են երկու աստիճաններ: Այսպիսի լուծում մինչ այս հայտնի վաղքրիստոնեական պաշտամունքային կառույցներում չի փաստվել: Եզակի դեպքերից է նաեւ հյուսիսային երկու մուտքերի առկայությունը: Արեւմտյան գլխավոր մուտքը դեռեւս բացված չէ:
Բազիլիկայի 2008թ. պեղումների ամենանշանակլից գյուտը կավե փոքրիկ (տրամագիծը մոտ 8 սմ) սկավառակն է, որի մի երեսին փորագրված է շրջանի մեջ ներառված հավասարաթեւ խաչ, իսկ մյուս երեսին` մորթենու գլխարկ կրող, բեխ-մորուքով տղամարդու դիմապատկեր եւ խիստ ուշագրավ հայերեն արձանագրություն` Վաչեի անունով: Թե ով է այս Վաչեն եւ ինչ առնչություն ունի 5-7-րդ դարերում գործած եւ Վաչե անունը կրող մի քանի հայտնի գործիչների հետ, ցույց կտա հետագա քննությունը: Տիգրանակերտի այս գտածոն փաստորեն Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրություններից մեկն է, եւ լավագույն փաստարկն է Խաչենագետի ներքնահովտի վաղքրիստոնեական-հայկական դիմագծի, որը պատմական մի շարք այլ սկզբնաղբյուրների տվյալներով ուրվագծվում էր եւ մինչեւ այս գյուտը:
Առանձնակի կարեւորություն ունեն վաղքրիստոնեական քանդակազարդ բեկորները, որոնք զարդարել են եկեղեցու պատերը կամ էլ պատկանել են առանձին կանգնած կոթողների: Դրանց շարքում է նար կրաքարե մի սկավառակ, որը ներկայացնում է ծաչը շուշանների մեջ հորինվածքը` հար եւ նման Հայաստանի զանազան հուշարձաններից (Երերույք, Ծիծեռնավանք, Կողբ, Աղիտու) հայտնի վաղքրիստոնեական քանդակներին:
Պեղումները ցույց են տալիս, որ եկեղեցին ժամանակի ընթացքում կրել է լուրջ փոփոխություններ, ենթարկվել բազմաթիվ ավերածությունների: Նախնական տվյալներով այն 10-րդ դարից հետո չի գործել, եւ նրա ավերակների վրա բնակելի համալիրներ են կառուցվել:
Ավելի քան հավանական է, որ սա այն եկեղեցին է, որի քահանա Պետրոսը մասնակցել է 8-րդ դարի սկզբին գումարված Պարտավի եկեղեցական ժողովին:
Վաղմիջնադարյան նման մեծ բազիլիկայի առկայությունը կարեւոր վկայություն է հօգուտ այն հանգամանքի, որ վաղմիջնադարում Տիգրանակերտը պահպանում էր հայկական նշանավոր բնակավայրի իր կարգավիճակը, եւ որ վաղմիջնադարյան հայ պատմիչների (Սեբեոս, Կաղանկատվացի) վկայություններն Արցախի Տիգրանակերտի մասին լիովին համապատասխանում են պատմական իրականությանը:

Տեսադարան