Tigranakert

Տաճարային-քարայրային համալիր

Քարայրային-պաշտամունքային համալիրը գտնվում է Տիգրանակերտից մոտ 3 կմ հեռավորության վրա, Խաչենագետի աջ ափին: Այն իրենից ներկայացնում է գետի ժայռեղեն ափի մեջ փորված եկեղեցուց, նախասրահից եւ տապանաբակից կազմված մի համալիր, դեպի ուր առաջնորդում է ժայռափոր ճանապարհը, եւ որի պատերը պատված են բազմաթիվ խաչային հորինվածքներով, հայերեն եւ հունարեն մի քանի արձանագրություններով:
Քարայրային համալիրի խաչային հորինվածքները վաղքրիստոնեական մշակույթի մի յուրօրինակ կողմն են ներկայացնում: Խաչերը քանդակված են բարձր աստիճանների եւ ձողերի վրա, առնված են զարդարուն շրջանների մեջ, կրում են Քրիստոսի անվան հունարեն պատվագրերը, ուղեկցվում են ծաղկային եւ թռչնային հավելումներով` խորհրդանշելով մահվան հանդեպ հաղթանակը, հոգիների փրկությունն ու դրախտը:
Քարայրային-պաշտամունքային համալիրի պեղումներն իրականացվել են 2006 թ. հունիսին եւ տեւ ել են մեկ ամիս: Այն իրականացրել են Համլետ Պետրոսյանն ու Լյուբա Կիրակոսյանը: Հունարեն արձանագրություններն ուսումնասիրելու նպատակով արշավախբի աշխատանքներին կարճատեւ մասնակցություն է ունեցել Լեչեի համալսարանի (Իտալիա) Հռոմի պատմության պրոֆեսոր, հայագետ Ջուստո Տրաինան:
Պեղումներով լիովին մաքրվել են քարայրային համալիրի հարթակները, ժայռափոր արահետները, եկեղեցին, գավիթը, տապանաբակը: Հայտնաբերվել եւ մասամբ պեղվել է ժայռափոր ջրանցքը:

Տեսադարան