Tigranakert

Վանքասար

Վանքասարը կրաքարե հսկայական եռանկյունատեսք մի լեռ է, որի գագաթին գտնվում է 7-րդ դարում կառուցված կենտրոնագմբեթ եկեղեցին, ստորոտներից մեկում` Տիգրանակերտը, իսկ հակառակ եզրին` վաղքրիստոնեական ժայռափոր համալիրն ու ժայռափոր ջրանցքը: Լեռան վրա գտնվող բոլոր հուշարձանները կառուցվել են լեռան հանքերից հանած կրաքարով, որի հետեւանքով Տիգրանակերտը եղել է սպիտակ քաղաք:
Վանքասարի տաճարը պատկանում է խաչաձեւ կենտրոնագմբեթ փոքրիկ եկեղեցիների տիպին: Այն շատ նման է Թալինի, Քարաշամբի եւ Այլաբերի փոքր եկեղեցիներին ու վերաբերում է 7-րդ դարին: Եկեղեցու բոլոր քարերը կրում են վարպետների նշաններ, որոնց զգալի մասը հայերեն տառեր են` նույնական Սիսիանի 7-րդ դարի տաճարի նշաններին:

Տաճարի պատերին կան մի քանի հայերեն արձանագրություններ, ժամանակին եղել են նաեւ խաչքարեր: Դրանցից մեկն ադրբեջանցիները ժամանակին տարել են Աղդամ, հիմա այն կանգնեցված է Ասկերանի եկեղեցու բակում: Եկեղեցու արմտյան մուտքի բարավորը հարդարված է եղել խաչային հորինվածքով, որն ադրբեջանցիները քերել-հարթել են: Զարմանալի է, որ այս ամենն անտեսելով, ադրբեջանական հետազոտողները Վանքասարի տաճարը հայտարարել են "աղվանական": Ավելին, անցած դարի 70-ական թվականներին նրանք "վերականգնել" են տաճարը: Մասամբ չիմանալով եւ մասամբ էլ անտեսելով հայ ճարտարապետության օրինաչափությունները, վերականգնողները տաճարը պսակել են ծանր եւ կոպիտ ծավալներով` լիովին աղավաղեոլվ նրա իրական կերպարը:

Տեսադարան