Tigranakert

Նորահայտ ամրոցի հետախուզական պեղումները

Տիգրանակերտի հայտնաբերումն ու առաջին պեղումները մեծ հետաքրքրություն են առաջացրել Արցախահայության շրջանում: Մարդիկ ավելի ուշադիր են դառնում իենց շրջապատի հանդեպ, ավելի հաճախ են դիմում մասնագետներին` կասկածելի կամ ուշագրավ որեւէ հնություն նկատելիս: Դեռեւ 2006թ. դեկտեմբերին մենք տեղեկություն էինք ստացել, որ տեղագրական հանույթներ իրականացնող խումբը Խաչենագետի ձախ ափին` Նոր Մարաղա գյուղի հարեւանությամբ գտնվող լեռան վրա "Տիգրանակերտի պարիսպներին նմանվող" կառույցներ է տեսել: Նորահայտ ամրոցի հետախուզական պեղումներն սկսեցինք ականազերծման համալիր աշխատանքներից հետո:
Ամենաընդարձակ տարածքով պեղվեց պարս-պապատի` ժայռերիզին հարող առավել լավ տեսանելի հատվածը, ուր առկա էին նաեւ կիսակլոր աշտարակի հետքեր: Հետախուզական պեղում-ներն այս հատվածում երեւան են բերել կոպտատաշ ճակատներ ունեցող, խոշոր բլոկներով իրականացված կանոնավոր շարվածքով, 3,5 մ լայնությամբ պարսպապատի մի հատվածը, ամրոցի` դեպի ներս լայնացող մուտքը եւ մուտքին ու ժայռածերպին կից կառուցված աշտարակի մնացորդները: Արդյունքում պարսպի բացված հատվածի երկարությունը կազմել է 20,0մ: Օգոստոս ամսին Տիգրանակերտի միջնաբերդի պեղումները երեւան բերեցին համարյա նույնական մի պատ` դրված "ծիծեռնակապոչ" պատի վրա: Սա հնարավորություն տվեց նորագյուտ ամրոցը վերագրել ուշ անտիկ (մ.թ. 2-3-րդ դդ.) կամ վաղ միջնադարյան շրջանին (4-8-րդ դդ.):

Պեղումները պարսպի մի այլ` հակադիր հատվածում ցույց տվեցին, որ այստեղ էլ խոշոր բլոկների ճակատային մասերը տաշած-հարթեցված են: Կարելի է խոսել ողջ ամրոցը համաժամանակ կառուցելու մասին:
Պեղումների ժամանակ, ինչպես նաեւ ամրոցի ողջ տարածքում մակերեւույթի վրա հայտնաբերվել են նաեւ մ.թ.ա. երկրորդ հազարամյակի սկզբների` այսպես կոչվող սեւան-ուզերլիկյան խեցեղենի բազմաթիվ բեկորներ: Այս իրողությունը վկայում է, որ բարձունքը բնակեցված է եղել դեռեւս այդ ժամանակներում:
Խաչենագետի ձախ ափի լեռան վրա տեղադրված այս հզոր ամրոցը, հատկապես երբ նկատի ենք ունենում նաեւ Տիգրանակերտի առկայությունը, ցուցում է ստրատեգիական այն կարեւորությունը, որ հնագույն ժամանակներից ի վեր տրվում էր Արցախի երկրորդ հզոր գետահովտի ներքնահատվածին` որպես Լեռնաշխարհի դարպաս ու պաշտպանական համակարգ:

Տեսադարան